Միջազգայնացումը որակի ապահովման կարևորագույն բաղադրիչներից է, որն ուղղված է երկրի կրթության որակի ճանաչմանը, համադրելիության և մրցունակության ապահովմանը։ ՈԱԱԿ-ն այս առումով ակտիվ գործունեություն է ծավալում՝ մասնագիտական կրթության որակի ապահովման ոլորտում միջազգային զանազան կառույցներին անդամակցելու և տարբեր կազմակերպությունների շրջանակներում իրականացվող միջազգային ծրագրերին ակտիվորեն մասնակցելու նպատակով։ Անդամակցությունը ոլորտի միջազգային կառույցներին երկրից դուրս ավելի լայն շրջանակներին ներկայանալու միջոց է: Այդպիսով ՈԱԱԿ-ը կարողանում է աշխարհին ի ցույց դնել հայկական կրթական համակարգում որակի ապահովման ուղղությամբ ձեռնարկված քայլերը, ծանոթանալ աշխարհի առաջատար երկրների փորձին և այն Հայաստանում կիրառել: ՈԱԱԿ-ն անդամակցում է միջազգային հետևյալ կառույցներին.
Կազմակերպության անվանումը | Անդամակցության տարեթիվը | Կարգավիճակը |
---|---|---|
Բարձրագույն կրթության որակի ապահովման գործակալությունների միջազգային ցանց (INQAAHE) | 2011 | Լիիրավ անդամ |
Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիա (ENQA) | 2017 | Լիիրավ անդամ |
ԱՄՆ Բարձրագույն կրթության հավատարմագրման խորհրդի Որակի միջազգային խումբ (CIQG) | 2016 | Անդամ |
Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բարձրագույն կրթության որակի ապահովման գործակալությունների ցանց (CEENQA) | 2017 | Անդամ |
Միջազգային կառույցներին ադնամակցելուց բացի, 2017թ․ ՈԱԱԿ-ը 5 տարի ժամկետով ընդգրկվել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական գրանցամատյանում (EQAR)։
ARARAT-ը («Համալսարան-գործատու» հայկական համակարգող գործակալություն) եռամյա ազգային ծրագիր է (2012-2015), որի նպատակն է բարելավել բարձրագույն կրթության համապատասխանությունը անընդհատ փոփոխվող աշխատաշուկայի կարիքներին` Հայաստանում «Համալսարան-գործատու» համագործակցության կապի ստեղծման և գործարկման միջոցով:
«Ակադեմիական ծրագրերի և որակավորման շրջանակների միջև համապատասխանության ուսումնասիրություն և հաստատում»-ը եռամյա ծրագիր է (2013-2016): Նպատակն է ապահովել որակավորումների համապատասխանությունը, փոխանցելիությունը և հասկանալիությունը՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների համար ներդնելով և զարգացնելով մեխանիզմներ, որոնց միջոցով հնարավոր կլինի հասնել որակավորումների շրջանակի և կրթական ծրագրերի համապատասխանությանը:
«Աջակցություն բուհական ինքնավարությանը և հաշվետվողականությանը. բարձրագույն կրթության կառավարման ժամանակակից և Բոլոնիայի գործընթացի սկզբունքներին համահունչ համակարգի մշակում` արդյունավետ փոփոխությունների իրականացման նպատակով»-ը եռամյա ազգային ծրագիր է (2013-2016): Ծրագրի ընդհանուր նպատակն է հնարավոր դարձնել հայկական բուհերում ժամանակակից կառավարական համակարգի կիրառությունը, խրախուսել արդյունավետ կառուցվածքային փոփոխություններ Բոլոնիայի օրակարգին համահունչ , ընդլայնել բուհի ինքնավարությունն ու պատասխանատվությունը:
«Բարձրագույն կրթական ցանց` ուղղված Հայաստանում մարդկային կապիտալի գնահատմանն ու շրջանավարտների աշխատունակությանը»`HEN-GEAR ծրագրի (2012-2015) նպատակն է ստեղծել պահանջարկի և առաջարկի միասնական մոդել` հիմնված շրջանավարտների բազայի վրա, որը նախատեսված է համալսարանի և շրջանավարտների մասին տվյալների հավաքագրման և վերլուծության, շրջանավարտների` աշխատաշուկայում տեղաբաշխմանը նպաստելու, բարձրագույն կրթական համակարգի ներքին և արտաքին արդյունավետությունը բարելավելու համար:
MAHATMA –ն (Բարձրագույն կրթության կառավարման մագիստրոսական ծրագիր. բարձրագույն կրթության փոխակերպման առաջնորդների պատրաստում) եռամյա միջազգային ծրագիր է (2012-2015), որի նպատակն է խթանել բարձրագույն կրթության կառավարման փոխակերպումը Հայաստանում և Վրաստանում` բարձրագույն կրթության կառավարման նոր մագիստրոսական ծրագրի և մասնագիտական զարգացման ծրագրերի ներդրմամբ:
MathGeAr` Հարավային Կովկասի համալսարաններում մաթեմատիկայի առարկայական ծրագրերի արդիականացումը STEM մասնագիտությունների համար (բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա): MathGeAr-ը եռամյա ծրագիր է (2013-2016), որի նպատակն է Հարավային Կովկասի տարածքում բարելավել STEM մասնագիտությունների ուսուցումը՝ արդիականացնելով մաթեմատիկայի բնագավառի առարկայական և ուսումնական ծրագրերը, ինչպես նաև ուսուցման բովանդակությունը և կիրառվող մեթոդները: Արդյունքում կներդրվեն համադրված ուսուցման նոր սկզբունքներ և տեխնոլոգիաներ, կիրառելով ազգային և եվրոպական լավագույն փորձը՝ մաթեմատիկայի բնագավառում նոր ու ժամանակակից դասընթացների մշակման համար:
«Արևելյան գործընկերության երկրներում բուհերի միջազգայնացման խթանում մշակութային և կառուցվածքային ադապտացիայի միջոցով» ծրագրի (2013-2016) նպատակն է նպաստել Հայաստանի, Վրաստանի, Բելառուսի և Ուկրաինայի` Արևելյան գործընկերության տարածաշրջանի բարձրագույն կրթական համակարգի ճանաչմանը` բուհական մենեջմենթի կառուցվածքային ու մշակութային բաղադրիչներում միջազգայնացման զարգացման ու ինտեգրման միջոցով:
«Հայաստանում և Վրաստանում տրանսազգային կրթության որակի և ճանաչման խթանում» ծրագրի (2013-2016) ընդհանուր նպատակն է խթանել Հայաստանում և Վրաստանում տրանսազգային կրթության որակի բարձրացմանը և ճանաչմանը` առաջարկելով որակի արտաքին և ներքին ապահովման այնպիսի համակարգեր, որոնք ընդունված ու ճանաչված են տարածաշրջանային մակարդակով և միջազգայնորեն:
VERITAS-ը (Զալցբուրգյան սկզբունքների հիման վրա կրթական 3-րդ մակարդակի կառուցվածքային զարգացում) ՏԵՄՊՈՒՍ-ի եռամյա դրամաշնորհային ծրագիր է (2013-2016): Ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանի ասպիրանտական կրթական համակարգը՝ այն համապատասխանեցնելով եվրոպական որակավորումների շրջանակին և Զալցբուրգյան սկզբուքներին:
«Մասնագիտական կրթության ոլորտում որակի ապահովման միջազգայնացման և համադրելիության խթանում» (2010-2014) ծրագրի նպատակն է կրթության որակի ապահովումը և եվրոպական կրթական համակարգերի մշակումն ու ներդրումը: Այն կոչված է Հայաստանում եւ Վրաստանում բարձրագույն կրթության որակի ապահովման բարձրացմանը`զարգացնելով որակի ապահովման ներքին եւ արտաքին մեխանիզմները, որոնք ընդունելի ու կիրառելի են ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ողջ աշխարհում:
«Բուհերի ինքնավերլուծության կարողությունների զարգացում» (2010-2012) ծրագրի նպատակը Հայաստանում կրթության որակի ապահովման ու հաստատման ներքին համակարգերի մշակումն ու ներդրումն է, ինչպես նաև բուհերի ինքնագնահատման, ինքնավերլուծության չափորոշիչների ու գործիքակազմի ստեղծումը և համապատասխան գործընթացների իրականացումը:
ESPAQ-ը (Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների մասնակցության բարձրացումը Որակի ապահովման (ՈԱ ) գործընթացներում) եռամյա ծրագիր է, որի նպատակն է ներգրավել ուսանողներին որակի ապահովման գործընթացներում: Ծրագիրը հնարավորություն կընձեռնի ուսանողների համապատասխան ներկայացուցիչներին ներգրավվելու ՈԱ գործընթացներում՝ տարբեր մակարդակներում: Այն կխրախուսի ուսանողների մասնակցությունը ՈԱ ձեռնարկների կազմման, ուսումնական ծրագրերի մշակման, մատուցվող ծառայությունների որակի ապահովման գործում: Այս կերպ ծրագիրը կնպաստի ուսանողների ներգրավվածության ամրապնդմանը ՈԱ գործընթացներում և ակադեմիական այլ գործառույթներում,որտեղ ուսանողները կարող են հանդես գալ որպես որոշում կայացնողներ:
«Եվրոպական ինտեգրմանը համահունչ բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի որակի ապահովման համակարգի ներդրում՝ խթանելու հետազոտությունների միջազգայնացումը» (C3QA) եռամյա ծրագիր է (2016-2019 թթ․)։ Նպատակն է մշակել և փորձարկել 3-րդ աստիճանի կրթության՝ մասնավորապես ասպիրանտական ծրագրերի որակի ապահովման քաղաքականության հայեցակարգ և գործիքակազմ, ինչպես նաև գործնական մեխանիզմներ և ընթացակարգեր, որոնք հետագայում կկիրառվեն Հայաստանում, Ղազախստանում, Մոնղոլիայում և Ուկրաինայում։