Հավատարմագրում

Հավատարմագրման գործընթաց և փաստաթղթեր

Ի՞նչ է հավատարմագրումը

Հայաստանում կրթության որակի արտաքին ապահովումն իրականացվում է պետական հավատարմագրման միջոցով: Հավատարմագրման գործընթացը ՀՀ-ում իրականացնում է պետության  կողմից լիազորված «Մասնագիտական կրթության որակի ապահովման  ազգային կենտրոն» հիմնադրամը:

Պետական հավատարմագրման հիմնական նպատակն է հավաստել  ուսումնական հաստատություններին, ուսանողներին, նրանց ծնողներին, գործատուներին և շահագրգիռ հասարակությանը, որ մասնագիտական կրթության որակը ճանաչելի է պետության կողմից: Հավատարմագրումը մասնագիտական ուսումնական հաստատությունների և կըրթական ծրագրերի կատարողականի և որակի ճանաչումն է, որը հանգեցնում է մատուցվող կրթական ծառայությունների որակի նկատմամբ մասնագիտական կրթության շահակիցների և հասարակության վստահության ձևավորմանը: Հավատարմագրում շնորհվում է որոշակի ժամկետով, հավաստելով, որ ուսումնական հաստատությունները կամ կրթական ծրագրերն ունեն անհրաժեշտ կարողություն տվյալ ժամանակահատվածում երաշխավորված որակով կրթական գործունեություն իրականացնելու համար: Հավատարմագրումն ենթադրում է, որ հաստատությունը պահպանում է այն չափանիշները, որոնք հնարավորություն են տալիս շրջանավարտներին ձեռք բերել անհրաժեշտ որակավորում մասնագիտական ոլորտում առաջընթաց ունենալու կամ կրթությունն այլ ուսումնական հաստատություններում շարունակելու համար:

Մասնագիտական կրթության որակի արտաքին ապահովումը ՀՀ-ում  իրականացվում է պետական հավատարմագրման հետևյալ երկու  գործընթացներով.

1. ինստիտուցիոնալ հավատարմագրում,

2. մասնագիտության կրթական ծրագրի հավատարմագրում:

Ինստիտուցիոնալ հավատարմագրում: Այն պետության կողմից  ուսումնական հաստատության կրթական և որակի ապահովման  գործընթացների, մասնագիտությունների կրթական ծրագրերի` օրենքով սահմանված ուսումնական հաստատության տեսակին ներկայացվող պահանջներին, պետական կրթական չափորոշիչներին և ինստիտուցիոնալ հավատարմագրման չափանիշներին համապատասխանության ճանաչումն է: Այն պարբերաբար իրականացվող պարտադիր գործընթաց է ՀՀ տարածքում գործող բոլոր մասնագիտական ուսումնական հաստատությունների համար: Ինստիտուցիոնալ հավատարմագրումը թույլ է տալիս գնահատել ՄՈՒՀ-ի գործունեության արդյունավետությունը, ինչպես նաև տեսնել, թե արդյոք հաստատությունն իրականացնում է իր առաքելությունը, հետապնդում է շարունակական բարելավման քաղաքականություն և նպաստում է իրականացվող կրթական ծրագրերի զարգացմանը:

Ինստիտուցիոնալ հավատարմագրումը նախապայման է ծրագրային  հավատարմագրման համար:

Մասնագիտության կրթական ծրագրի (Ծրագրային) հավատարմագրում: Ծրագրային հավատարմագրումը պետության կողմից  մասնագիտության կրթական ծրագրի, մասնագետների պատրաստման որակի` պետական կրթական չափորոշիչներին և ծրագրային հավատարմագրման չափանիշներին համապատասխանության ճանաչումն է: Ծրագրային հավատարմագրման թիրախն առանձին  մասնագիտության կրթական ծրագիրն է: Այս գործընթացը թույլ է տալիս պարբերաբար գնահատել մասնագիտության կրթական ծրագրի արդյունավետությունը, ինչպես նաև ստուգել, թե արդյոք այն ապահովում է ուսանողների կողմից ուսումնառության արդյունքների ձեռքբերումն ակնկալվող ամբողջ ծավալով: Ծրագրային հավատարմագրումն իրականացվում է ՄՈՒՀ-ի նախաձեռնությամբ, կամավորության սկզբունքով, բացառությամբ բժշկական մասնագիտությունների կրթական ծրագրերի, որոնք պարտադիր պետք է անցնեն ծրագրային հավատարմագրում:

Հավատարմագրման գործընթացների արդյունքում ուսումնական հաստատությանը կամ մասնագիտության կրթական ծրագրին տրվում է հավատարմագրվածի կարգավիճակ՝ որոշակի վավերականության ժամկետով:

Հավատարմագրման գործընթացը ներառում է 3 փուլ`

ա. ինքնավերլուծություն` հաստատության կամ կրթական ծրագրի ինքնավերլուծության գործընթաց, որի արդյունքնում պատրաստվում է զեկույց` հիմնված ՀՀ կառավարության կողմից սահմանված չափանիշների վրա,

բ. փորձաքննություն` անկախ փորձագետների խմբի կողմից ինքնավերլուծության և կից ներկայացված հիմնավորող փաստաթղթերի ուսումնասիրություն և այց ուսումնական հաստատություն: Այցի ժամանակ տեղի են ունենում հանդիպումներ վարչական, պրոֆեսորադասախոսական համակազմի, ուսանողության ներկայացուցիչների, շրջանավարտների, գործատուների հետ` արդյունքում պատրաստվում է փորձագիտական զեկույց, որը ներառում է գնահատական, ինչպես նաև խորհրդատվություններ բարելավման վերաբերյալ,

գ. որոշման կայացում` հավատարմագրման հանձնաժողովի կողմից փաստերի ուսումնասիրություն, որոշման կայացում և առաջնահերթ  լուծում պահանջող խնդիրների մատնանշում:

 Ինչո՞ւ հավատարմագրվել

Որովհետև հավատարմագրումը

  • հավաստում է ՄՈՒՀ-ի մատուցած կրթության որակը և համապատասխանությունը պետական ու միջազգային պահանջներին,
  • երաշխիք է դիմորդի համար, որ նա տվյալ ՄՈՒՀ-ում կստանա որակյալ և պահանջված կրթություն,
  • նպաստում է ՄՈՒՀ-ի  միջազգային ճանաչմանը,
  • տրամադրում է  ՄՈՒՀ-ի որակի ապահովման գործընթացների արտաքին գնահատում,
  • հնարավորություն է ստանալ խորհրդատվություն տեղացի ու միջազգային փորձագետների կողմից` որակի ապահովման գործընթացների շարունակական  բարելավման համար:

 Ի՞նչպես դիմել

Հավատարմագրման գործընթաց անցնելու համար ուսումնական  հաստատությունը կարող է դիմել ՈԱԱԿ-ին կամ Որակի ապահովման  եվրոպական ռեգիստրում (EQAR) գրանցված, ինչպես նաև Բարձրագույն  կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA)  լիիրավ անդամ հանդիսացող կազմակերպություններին: Եվրոպական  բարձրագույն կրթական տարածքից դուրս երկրների հետ  մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական  հաստատությունները կամ ՀՀ տարածքում գործող այդ երկրների  մասնագիտական ուսումնական հաստատությունների մասնաճյուղերը  կարող են հավատարմագրվել այլ ճանաչված կառույցների կողմից, որոնց  ցանկը հաստատում է ՀՀ ԿԳ նախարարը: Միջազգային հավատարմագրման դիմած ուսումնական հաստատությունը հինգ օրացուցային  օրվա ընթացքում պետք է ՈԱԱԿ-ին տեղեկացնի օտարերկրյա կազմակերպությունների կողմից հավատարմագրման գործընթացի մեկնարկի մասին:

ՈԱԱԿ-ը հավատարմագրման դիմում-հայտերն ընդունում է ամբողջ տարվա ընթացքում: Դիմում-հայտերը ներկայացվում են ըստ ՈԱԱԿ-ի կողմից մշակված և հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված համապատասխան ձևաչափերի:

Դիմում-հայտի ընդունման կամ մերժման ընթացակարգը սահմանվում է Հավատարմագրման կարգով:

Ի՞նչ արժե

Ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի մոտավոր  արժեքը`արտահայտված ՀՀ դրամով

Փորձագիտական այցի նախապատրաստական աշխատանքների ծախսերը

1 415 000

Փորձագիտական այցի կազմակերպման և իրականացման  ծախսեր (4 օրվա համար)

1 832 000

Փորձագիտական զեկույցի պատրաստման ծախսեր

1 850 000

Կազմակերպչական  ծախսեր (Երևանում գտնվող բուհերի համար)

870 000

Այլ ծախսեր

1 000 000

ԱԱՀ

1 393 400

Ընդամենը

 8 360 000

 

 

Հավատարմագրման հանձնաժողով

ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի անդամները կրթության, գիտության, մշակույթի, տնտեսության տարբեր ոլորտների և պետական կառավարման փորձառու մասնագետներ, գործատուներ են: Հավատարմագրման հանձնաժողովը ձևավորվել է 2017 թ. մարտի 16-ին: 

Ավետիսյան Սամվել

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՊՏՀ «ԱՄԲԵՐԴ» հետազոտական կենտրոնի «Ազգային մրցունակության և միջազգայնացման հետազոտություններ» ծրագրի տնօրեն

Հովհաննիսյան Նելլի

Կենսաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի վարիչ, Կիրառական կենսաբանության գերազանցության կենտրոնի ղեկավար

Կարախանյան Սուսաննա

Հասարակական գիտությունների թեկնածու, Բարձրագույն կրթության որակի ապահովման գործակալությունների միջազգային ցանցի (INQAAHE) գործող նախագահ

Շուքուրյան Սամվել

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, ԵՊՀ ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար

Սաղյան Աշոտ

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր, ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրեն, ԵՊՀ դեղագործական քիմիայի ամբիոնի վարիչ

Անդրեաս Մելիքյան

Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԱԱՀ բույսերի գենոֆոնդի և սեկելցիայի պրոբլեմային գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ, Բուսաբուծության և բանջարաբուծության ամբիոնի վարիչ

Միքայել Նարիմանյան

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊԲՀ ամբիոնի վարիչ

Աննա Երզինկյան

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, ԵԹԿՊԻ Կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետի դեկան, ՀՀ նախագահին առնթեր հանրային խորհրդի գիտության, կրթության և մշակույթի հանձնաժողովի անդամ

Աշոտ Մելքոնյան

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն

Մարինկա Բաղդասարյան

Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԱՊՀ կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր

Հավատարմագրման հանձնաժողովի որոշումներ

ՈԱԱԿ եզրակացություններ

Փորձագիտական զեկույցներ

Ընթացիկ հավատարմագրումներ